«ՊԵՊԵՈՆ» ԿՐԿԻՆ ՄԱՅՐ ԹԱՏՐՈՆԻ ԲԵՄՈՒՄ


Հայաստանի տարածքում առաջին պետական թատրոնը, որը հետագայում Գաբրիել Սունդուկյանի անունով կոչվեց, 1922թ. հունվարին բացեց իր վարագույրը «Պեպո» պիեսի ներկայացումով:

Մայր թատրոնում արդեն ավարտվել են վերանորգման աշխատանքները և դեկտեմբերի 13-ին «Պեպո» ներկայացման առաջնախաղով իր դռները կբացի թատերասեր հանրության առաջ:
Գլխավոր դերերում
1. ՊԵՊՈ - Տիգրան Ներսիսյան
2. ԱՐՈՒԹԻՆ - Արմեն Մարության
Դերերում
3. ԱՆՑՈՐԴ - Գարեգին Չեփչյան, Անդրանիկ Զաքարյան
4. ԿԵԿԵԼ - Տաթևիկ Հոռոփյան
5. ԳԻՔՈ - Ռուդոլֆ Ղևոնդյան
6. ՇՈՒՇԱՆ Աիդա Բաբաջանյան
7. ԷՓԵՄՅԱ - Նելլի Խերանյան, Լուսինե Կոստանյան
8. ԿԱԿՈՒԼԻ - -Արթուր Հարությունյան, Անդրանիկ Խաչատրյան
9. ԴԱՐՉՈ - -Գնել Ուլիխանյան
10. ԳԻԳՈԼԻ - Ալեքսան Թադևոսյան
11. ՍԱՄՍՈՆ - Նարեկ Հայկազյան
12. ՌՈՒՍ ԳԵՆԵՐԱԼ - Սամվել Փիլոյան
13. ՎՐԱՑ ԻՇԽԱՆ - Գագիկ Ադիլխանյան
14. ՊԱՐՈՒՍՈՒՅՑ - Դավիթ գասպարյան
15. ԳԱՐԱԴԱՎՈՅ - Լևոն Ավետիսյան
16. ՆԱԹԵԼԼԱ -Ծովինար Մարտիրոսյան

Բեմադրության հեղինակ` Արմեն Էլբակյան
Բեմադրող նկարիչ` Դավիթ Մինասյան
Կոմպոզիտոր` Վաչե Շառաֆյան
Զգեստների նկարիչ` Մերի Սարգսյան
Բալետմայեստեր` Գագիկ Կարապետյան
Ռեժիսորի ասիստենտ` Անի Գևորգյան


«Պեպո» ներկայացումն անցկացվելու է բոլորովին նոր տեխնիկայով վերազինված բեմում, որը, ինչպես թատրոնի գեղարվեստական ղեկավար ԱՐՄԵՆ ԷԼԲԱԿՅԱՆԸ նշեց, ստացել է 21-րդ դարի շունչ. «Որպես օրենք ասել եմ և կրկնում եմ` ստեղծագործական որակը կախված չէ տեխնիկայից, կախված է ստեղծագործողից, բայց այս դեպքում տեխնիկան կնպաստի, քանի որ թատրոնի հիմնական զարկերակը մթնոլորտն է, առանց մթնոլորտի չկա թատրոն: Այս ամենը կնպաստի, որպեսզի հանդիսատեսի և թատրոնի մարդկանց երևակայությունն ավելի լավ աշխատի»,-նշեց Ա. Էլբակյանը:

Սունդուկյանի անվան թատրոնը հանդիսատեսին կներկայանա տեխնիկապես վերազինված ու նոր մոտեցմամբ



 
 
          ԲԵՄԱԴՐՎՈՒՄ Է ՆՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ՝
                                 «ՔԱՐԱԿԱՊ»

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում բեմադրվում է նոր ներկայացում՝ ժամանակակից արձակագիր Հրաչ Բեգլարյանի «ՔԱՐԱԿԱՊ»-ը: Նոր ներկայացումն անրադառնում է 1990-ական թվականներին մղված Արցախյան գոյամարտին:
Ռեժիսոր Դավիթ Հարությունյան:


Լոս Անջելես. «Ալեքս» Թատերասրահ
      
Գ. ՍՈՒՄՆԴՈՒԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՄԱՅՐ ԹԱՏՐՈՆԸ
ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ

Թատերախումբը ներկայացավ Պ. Զեյթունցյանի հայոց ցեղասպանությանը նվիրված ստեղծագործությունով` հիմնված
իրական փաստերի վրա
«ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐԻ ԱՆՑ»






Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը բացվել է 1922 թվականի հունվարի 25-ին, Երևանում, Գաբրիել Սունդուկյանի «Պեպո» պիեսի բեմադրությամբ՝ որպես Առաջին պետական թատրոն:
1937 թվականին թատրոնը անվանակոչվում է հայ դրամատուրգ և արձակագիր Գաբրիել Սունդուկյանի անունով

Սունդուկյան Գաբրիել Մկրտումի
(Հունիս 29, 1825, Թիֆլիս – Մարտ 16, 1912, Թիֆլիս)
Հայ դրամատուրգ, հասարակական գործիչ


Գաբրիել Սունդուկյանը ծնվել է առևտրականի ընտանիքում: Մանկուց զրկվել է հորից: 1832–38 թթ-ին սովորել է հայտնի հայագետ Հակոբ Շահան-Ջրպետյանի դպրոցում, 1838–40 թթ-ին՝ Արզանյանների, ապա՝ Խաչատուր Աբովյանի մասնավոր պանսիոններում, 1840–46 թթ-ին՝ Թիֆլիսի ռուսական գիմնազիայում: 1852 թ-ին Սունդուկյանն ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի պատմաբանասիրության ֆակուլտետի արևելյան լեզուների բաժինը` թեկնածուի գիտական աստիճանով: Վերադարձել է Թիֆլիս, կարճ ժամանակ պաշտոնավարել Ներսիսյան դպրոցում:
Գաղափարական հայացքների պատճառով 1853 թ-ին փոխարքայի հրամանով նրան արտաքսել են Դերբենդ: 1858 թ-ին ստացել է Թիֆլիս վերադառնալու թույլտվություն և մինչև դարավերջ աշխատել է Կովկասի երկաթուղային վարչությունում՝ որպես տնտեսական մասի ղեկավար: Սունդուկյանի գրական-թատերական գործունեությունը զուգադիպել է Այսրկովկասում կապիտալիզմի սկզբնավորման, սոցիալ-տնտեսական բարդ ու հակասական ժամանակաշրջանին, որն էլ ճշգրտորեն արտացոլվել է նրա պիեսներում: Նա առաջինն է դրամատուրգիայում պատկերել քաղաքային կյանքն ու կենցաղը, ներկայացրել հասարակության ստորին խավերին, շեշտել նրանց ազնվությունն ու մարդկայնությունը, արծարծել ընտանիքի և ամուսնության, կնոջ ճնշված վիճակի, հայրերի ու որդիների փոխհարաբերության և այլ հարցեր, նախանշել հայ դրամատուրգիայի հետագա առաջընթացի ուղիներ:
Սունդուկյանի առաջին գործը «Գիշերվան սաբրը խեր է» (1863 թ.) վոդևիլն է: Հետագա տարիներին գրել է «Պեպո» (1876 թ.), «Խաթաբալա» (1881 թ.), «Քանդած օջախ» (1882 թ.), «Էլի մեկ զոհ» (1884 թ.), «Ամուսիններ» (1888 թ., գրական լեզվով միակ երկը), «Սեր և ազատություն» (1909 թ.), «Կտակ» (1912 թ.) և այլ կատակերգություններ, «Բաղնըսի բողչա» (1889 թ.), «Օսկան Պետրովիչը էն կինքումը» (1899 թ.), «Եվայլն կամ Նոր Դիոգինես» (1907 թ.) վոդևիլները:
Սունդուկյանի ստեղծագործության և ընդհանրապես հայ թատրոնի տարեգրության մեջ բեկումնային է եղել 1871 թ-ի ապրիլի 30-ը: Այդ օրը Թիֆլիսի հայկական թատրոնում առաջին անգամ ներկայացվել է «Պեպոն». Պեպոյի դերակատարն անվանի դերասան Գևորգ Չմշկյանն էր:
Ի դեմս ձկնորս Պեպոյի և նրա շրջապատի մարդկանց (Շուշան, Կեկել, Գիքո, Կակուլի)` Սունդուկյանը թատրոն է բերել «հալալ» աշխատանքով մի կերպ գոյատևող հասարակ աշխատավորների կերպարներ, որոնց համար խիղճը, վեհանձնությունը, բարությունը բարոյական անսակարկելի հատկանիշներ են: Պեպոն, որն իր միջավայրի ծնունդն է, իր խավի հոգեբանության կրողը, որին անհասկանալի են Զիմզիմովի և նրա նմանների անազնիվ արարքները, ի վերջո «դատ» է սկսում ուրիշի աշխատանքը յուրացնողների դեմ՝ պաշտպանելու իր ոտնահարված արժանապատվությունը, արդարությունն ու ճշմարտությունը: «Պեպոն» հայ ռեալիստական դրամատուրգիայի մնայուն էջերից է և հայ թատրոնում ամենաշատ բեմադրվող գործերից: Թարգմանվել և բեմադրվել է ռուսերեն, վրացերեն, ադրբեջաներեն, ֆրանսերեն, փոխադրվել է արևմտահայերենի և Նոր Նախիջևանի բարբառի: Սունդուկյանի մյուս կատակերգությունները նույնպես ունեն սոցիալական մեծ հնչողություն:
«Խաթաբալա» կատակերգության մեջ վաճառական-վաշխառուի՝ Զամբախովի ռեալիստական կերպարով հեղինակը ճշմարտացիորեն պատկերել է բուրժուական հասարակարգը, փողի թագավորությունը. ամենուր կեղծիք է ու խաբեություն, ամեն ինչ ապրանք է, այդ թվում՝ մարդը:
«Էլի մեկ զոհ» պիեսի հերոսուհին՝ լուսամիտ, ազնվահոգի, բարեկիրթ մի աղջիկ՝ Անանին, ընդվզում է շրջապատի ու հարազատ ընտանիքի դեմ՝ հանուն ճշմարտության, հանուն իր ու Միքայելի մաքուր և անկեղծ սիրո, սակայն նրա բողոքն անարձագանք է մնում: «Քանդած օջախ» կատակերգությունը մի ընտանիքի կործանման պատմություն է. Սունդուկյանը ներկայացնում է դաժան մրցակցությունը, որտեղ թույլերը կուլ են գնում ուժեղներին, ժամանակակից ընտանեկան բարքերը, արևմտյան մշակույթն ու ապրելակերպը կապկելու կործանարար հետևանքները, հրապարակ հանում երիտասարդ սերնդի բարոյական անկման ցավոտ խնդիրը:
Արժեքավոր են նաև Սունդուկյանի արձակ գործերը: Միակ՝ «Վարինկի վեչեր» (1877 թ., «Մշակ») պատմվածքում պատկերել է աշխատավոր խավի իրական կյանքը, «Համալի մասլահաթնիրը» (1871–76 թթ., «Մշակ») և «Հադիդի մասլահաթնիրը» (1882–86 թթ., «Արձագանք») հրապարակախոսական-երգիծական ֆելիետոններում շոշափել է հասարակական, սոցիալական ու կենցաղային հարցեր, «Իմ մահն ու թաղումը» (1911 թ., «Մշակ») գործում համերաշխության, եղբայրության ու մարդասիրության կոչ է արել Կովկասի ժողովուրդներին:
Սունդուկյանը գրել է թիֆլիսահայ բարբառով, ստեղծել աշխույժ մենախոսություններ ու երկխոսություններ, խոսքի ու դրության կոմիզմ: Նրա ստեղծագործություններն աչքի են ընկնում բարձր գեղարվեստականությամբ, չափի զգացումով:
Սունդուկյանը ճանաչված հասարակական գործիչ էր, հայկական բարեգործական և թատերական ընկերությունների երախտավորներից, եղել է Թիֆլիսի պատվավոր քաղաքացի, Ներսիսյան դպրոցի հոգաբարձուներից: Նամակագրական կապ է ունեցել Վիկտոր Հյուգոյի, Վիկտորիեն Սարդուի, Ալեքսանդր Դյումա-որդու հետ: Սունդուկյանի պիեսները թարգմանվել ու բեմադրվել են նաև ռուսական, վրացական և այլ թատրոններում (վրացերեն թարգմանությունները կատարել է ինքը): Սունդուկյանն ստեղծել է իր՝ սունդուկյանական թատրոնը, որտեղ փայլել են հայ բեմի նշանավոր վարպետներ Գևորգ Չմշկյանը, Միհրդատ Ամրիկյանը, Գրիգոր Ավետյանը, Օլգա Գուլազյանը, Ավետ Ավետիսյանը, Սոս Սարգսյանը, Մհեր Մկրտչյանը, Մետաքսյա Սիմոնյանը և ուրիշներ:
Սունդուկյանի ստեղծած կերպարների ամբողջականությամբ, միջավայրի, կենցաղի, մարդկային հոգեբանության ճշմարտացի արտացոլմամբ դարձել է հայ թատերագրության ռեալիստական ուղղության սկզբնավորողներից, իսկ նրա պիեսների հիման վրա նկարահանվել են «Պեպո» (1935 թ.), «Խաթաբալա» (1971 թ., երկուսն էլ՝ Հայֆիլմ) կինոնկարները:
Սունդուկյանի անունով կոչվել են փողոցներ, դպրոցներ ՀՀ-ում, Երևանի ազգային ակադեմիական թատրոնը, որի բակում տեղադրված են դրամատուրգի կիսանդրին (1972 թ.) և Պեպոյի արձանը (1975 թ., քանդակագործ՝ Գրիգոր Ահարոնյան):